Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը առավելություն չէ․ Փաշինյան
Նմանատիպ
Հայաստանը առավելություն չի տեսնում իր տարածքում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու մեջ այն բանից հետո, երբ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել ԼՂ հայության անվտանգությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսած ռազմական գործողության արդյունքում գրավեց Լեռնային Ղարաբաղը և բռնի տեղհանության ենթարկեց ԼՂ-ի բնակչությանը։
«Այս իրադարձությունները մեզ, ըստ էության, բերել են մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- WSJ-ին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ լավատես է առաջիկա ամիսներին Բաքվի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Տարածաշրջանի ապագան վաղուց փակ սահմանների և առևտրային ուղիների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման մեջ է՝ նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքով։
«Անվտանգությունը պետք է ձեռք բերվի ոչ միայն բանակի, այլ նաև տարածաշրջանում խաղաղության ճանապարհով։ Մենք պետք է աշխատենք առաջին հերթին բարելավելու տարածաշրջանային հարաբերությունները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում