Առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն․ Փաշինյան
Նմանատիպ
Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորի մոտ ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման ու համագործակցության հետ։
«Հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, ապա փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին։ Մենք սա գիտենք սեփական օրինակով։ Մեր 4 հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին։ Մեր հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է` ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի հաստատուն խաղաղության կարիք։ Իսկ խաղաղությունը մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով՝ տնտեսական, քաղաքական, մարդկային կապերով կապված, և բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով, երկոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։
«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին` Փաշինյանը քարտեզի վրա նշումներ կատարելով բացատրել է, որ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է, որը ներառում է ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, էլեկտրական լարերի, մալուխների նորոգում, կառուցում, գործարկում։
«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող ճանապարհները, երկաթուղիներն արդեն 30 տարի է` չեն գործում։ Չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ դրանց վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրական ծովին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային»,- շեշտել է վարչապետը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ այդ ծրագիրը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի երկրներին` նախագծի վրա հրավիրելով մասնավոր ներդրողների ուշադրությունը։
Նշենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը, որի շրջանակում Վրաստանի մայրաքաղաքը կհյուրընկալի շուրջ 60 երկրի ներկայացուցիչների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում