ԿԽՄԿ-ի միջոցով ՀՀ տեղափոխվածները ևս կստանան դրամական աջակցություն
Նմանատիպ
Կարմիր խաչի միջոցով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրից` 2022 թվականի դեկտեմբերի 12–ից մինչ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումը ՀՀ տեղափոխված հիվանդները ևս կստանան ՀՀ կառավարության տրամադրած 100 հազար դրամ աջակցությունը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հայտարարել է, որ այդպիսով 100-հազարական դրամների փոխհատուցման համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել։
«Այդ ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ տարբեր առողջական խնդիրներով տեղափոխվել են ՀՀ։ Այժմ մշակում ենք նաև նրանց տվյալները, որպեսզի նրանց և նրանց երեխաներին նույնպես հատկացնենք այդ 100-հազարական դրամները»,- նշել է Մկրտչյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ արդեն իսկ 97 հազար մարդու վճարվել է այդ 100 հազար դրամները։
Ըստ նրա` առաջիկա օրվա ընթացքում 1400 մարդու վճարումը ևս կիրականացվի։
Ինչ վերաբերում է 40 հազար +10 հազար դրամների հատկացմանը, ապա այս պահի դրությամբ ավելի քան 41600 մարդ ստացել է այդ գումարները։
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարությունը հատկացնում է միանվագ 100–հազարական դրամ օգնություն։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց անունով անշարժ գույք չունեն ՀՀ տարածքում, 6 ամիս շարունակ կստանան 40000-ական դրամ՝ որպես բնակվարձ, և 10000-ական դրամ՝ որպես կոմունալ ծախսի վճար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում