Չինաստանն ու ԱՄՆ-ն երկխոսության կարիք ունեն. Չինաստանի ԱԳՆ
Նմանատիպ
Չինաստանն ու ԱՄՆ-ն համապարփակ երկխոսության կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Վան Յին հույս է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ իր զրույցը «կառուցողական և հեռանկարային» կլինի։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները երկու խոշոր տերություններ են, որոնք ունեն տարաձայնություններ, բայց միևնույն ժամանակ մենք ունենք նաև ընդհանուր շահեր, և մենք բախվում ենք մարտահրավերների, որոնց պետք է միասնաբար պատասխանենք։ Մենք պետք է ոչ միայն վերականգնենք երկխոսությունը, այլև այն դարձնենք խորը և համապարփակ», – նշել է չինացի նախարարը ։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ընդգծել է, որ մեծ հաճույքով ողջունում է Չինաստանի արտգործնախարարին ԱՄՆ-ում։ «Ես անկեղծորեն ակնկալում եմ կառուցողական զրույցներ առաջիկա երկու օրերի ընթացքում», – ասել է Բլինկենն իր ելույթից առաջ: «Այդպես հակի՞րճ» – անգլերենով հարցրել է Վան Յին, և նրանք երկուսն էլ ծիծաղել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն մի շարք երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ ամերիկա-չինական հարաբերությունների պատասխանատու կառավարման և երկրների միջև բաց կապուղիների պահպանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է օգտագործել դիվանագիտությունը ԱՄՆ շահերն ու արժեքները առաջ մղելու, տարաձայնությունները վերացնելու և ընդհանուր անդրազգային մարտահրավերները հաղթահարելու հարցում առաջընթաց գրանցելու համար:
Վան Յիի և Էնթոնի Բլինկենի միջև բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև առաջիկա հանդիպումից առաջ, որը նախատեսվում է նոյեմբերի 11-ից 17-ը Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առաջնորդների գագաթնաժողովում։ Սակայն հանդիպումը դեռ պաշտոնապես հաստատված չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում