Վրաստանի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է

Վրաստանի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ տարածք»,- հայտարարել է նա։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է երկիր, որը հնարավորություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:

«Դա միշտ արվել է տարբեր ձևաչափերով և տարբեր մակարդակներով։ Վրաստանը գրեթե միակ երկիրն է, որի նկատմամբ երկու երկրներն էլ բացարձակ վստահություն ունեն, քանի որ հակամարտության ընթացքում, մենք լիակատար չեզոքություն ենք պահպանել։ Ի դեպ, բոլոր իշխանությունները հաստատել են դա»,- ասել է Պապուաշվիլին։

Ինչ վերաբերում Է Վրաստանի դերին, ապա Պապուաշվիլիի խոսքով` Վրաստանի վարչապետը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի վարչապետի և նախագահի հետ:

Նշենք, որ այսօր Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում