Երևանի մետրոպոլիտենին հատկացվել է ֆինանսավորում․ հնարավոր է՝ կառուցվի նոր կայարան
Նմանատիպ
2024 թվականին պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 5,5 մլրդ դրամ։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս ասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք բավական լուրջ գումարներ ենք հատկացրել մետրոպոլիտենին, դրանից 4 մլրդ դրամը նոր կայարանի կառուցման համար, իսկ 1.5 մլրդ դրամը` վերանորոգումների»,- նշել է նախարարը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչու է ֆինանսների նախարարությունը մերժել մետրոպոլիտենին այս տարի հավելյալ գումար հատկացնել հրատապ կարգով պահեստապամասեր ձեռք բերելու համար։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցրել է` նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։
«Մենք քաղաքապետարանից ստացել ենք նամակ, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում մետրոպոլիտենի այլ ծախսեր անելու համար։ Մենք հարցրել ենք` ինչն է պատճառը, որ այս բանի համար նախատեսված գումարն ուղղվելու է մեկ այլ բանի համար։ Մենք ոչ թե մերժել ենք այդ հայտը, այլ հարցեր ենք տվել հասկանալու համար` եթե ինչ-որ ծրագրից այդ գումարը վերցվում է, հետո վերականգնվելո՞ւ է, թե՞ առհասարակ էլ չի արվելու»,- մանրամասնել է նախարարը։
Նա նաև վստահեցրել է, որ 2023թ–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում