Պուշկինի թանգարանում կայացել է «Ուրարտուի Թագավորությունը» ցուցահանդեսը
Նմանատիպ
«Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը: Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցահանդեսը բացվել է Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում:
«Ուրախ եմ ողջունել ձեզ «Ուրարտուի Թագավորությունը» ցուցահանդեսի բացմանը»,- ասել է թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան՝ շնորհակալություն հայտնելով էքսպրոմտի բոլոր ստեղծողներին, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությանը:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ընդգծել է նման ցուցադրության կարևորությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների համար` նշելով, որ համագործակցությունը պետք է շարունակել:
«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել Ուրարտուի ժառանգությանը նվիրված մեծածավալ ցուցահանդեսի բացման արարողությանը… Հայաստանի պատմության թանգարանի համար կարևոր էր, որ ցուցահանդեսում ներկայացվեին նախաուրարտականից մինչև հետուրարտական շրջանը, ինչը վկայում է հնագույն Ուրարտու պետության պատմության շարունակականության մասին», – ասել է Պողոսյանը:
Ցուցադրությունը նվիրված է հին Հայաստանի մշակութային պատմությանը և յուրահատուկ տեսակետ է ներկայացնում դրա արվեստի ակունքներին՝ Ուրարտու պետության ժառանգությանը (մ.թ.ա. IX – VII դարեր): Այն պատմում է տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման փուլերի մասին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա. II–I հազարամյակներ) մինչև հետուրարտական շրջանի հին հայկական արվեստի ձևավորումը (մ. թ. ա. VI–IV դարեր):
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ցուցահանդեսի համակարգող Միքայել Բադալյանն իր հերթին նշել է դրա նշանակությունը հայ-ռուսական համագործակցության համար:
Ցուցահանդեսը նվիրված է արևելագետ, Մոսկվայի պետական համալսարանի Հին Արևելքի բաժնի վարիչ (1964-2008) և Պուշկինի թանգարանի հնագիտական ջոկատի երկարամյա ղեկավար (1959-1978) Սվետլանա Խոջաշի 100-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսը լայն հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 31-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 28-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում