Տեղահանված արցախցիները դիմել են ԿԽՄԿ-ին՝ հարազատներին վերահուղարկավորելու հարցով
Նմանատիպ
Բռնի տեղահանված արցախցիները դիմել են ԿԽՄԿ-ին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։ Այս մասին տեղեկացրել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ԿԽՄԿ-ին։
ԿԽՄԿ-ն լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը հայտնել է՝ շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի զինվորական հուշահամալիրները, այդ պատճառով բռնի տեղահանված արցախիցները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։
ԿԽՄԿ-ից հաստատել են, որ նախօրեին այդ հարցով հանդիպում է եղել։
«Մարդիկ եկել էին իրենց հարցով։ Մարդիկ գալիս են իրենց կարիքներով, խնդիրներով և մենք ընդունում ենք, բայց այս պահին դեռ վաղ է խոսել այս ուղղությամբ մեր գործողությունների մասին»,- նշել են ԿԽՄԿ-ից։
Հարազատների վերահուղարկավորման համար դիմել են հիմնականում այն անձինք, որոնց հարազատները զոհվել են վերջին էսկալացիաների ընթացքում՝ 2020 թվականից հետո, բայց ԿԽՄԿ-ից նշում են՝ դռները բաց են բոլոր նրանց առջև։
«Մենք, լսելով նրանց խնդիրը, նաև պայմանավորվել ենք, որ շարունակաբար կլինենք կապի մեջ այդ հարցի շուրջ և, հաշվի առնելով կարիքը, որպես չեզոք միջնորդ, կփորձենք այդ հարցը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել նաև համապատասխան իշխանության մոտ, բայց այս պահին մի փոքր վաղ է խոսել կոնկրետ քայլերի շուրջ»,- հաղորդել են Կարմիր խաչի գրասենյակից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում