ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը
Նմանատիպ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը և հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների և մարտահրավերների առջև:
Դեսպան Վիկտոր Ռիխտերը նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, և բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին:
«Գերմանիան աջակցում է նաև խաղաղության գործընթացին և աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատև կայունություն կապահովի տարածաշրջանում»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները և կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան:
«Չափազանց կարևորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը և ամենակարևորը՝ խաղաղության գործընթացին: Եվ չափազանց կարևոր էր վերջերս Կանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,- իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաև Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:
Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել և մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:
Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում