Մեղրիի հատվածում հնարավոր է երկաթգծի կառուցում
Նմանատիպ
Հայաստանի կառավարությունը 2020 թվականից հետո ուսումնասիրություններ է կատարել Մեղրիի հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առիթ ենք ունեցել Ճարտարապետության և շինարարության համալսարանին պատվիրել, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվի։ Գիտենք վիճակը և ինչ ծավալի աշխատանք է պետք անել, ինչքան ժամկետներում։ Այսինքն՝ նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի։
Բայց այդ ամենը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոները։ Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում և սպասում ենք»,- մանրամասնել է Սանոսյանը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին:
2023 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պայմանավորվածությունն այդպես էլ չի իրագործվել, քանի որ դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրաժարվել էր գրավոր հաստատել պայմանավորվածությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում