ՄՊՀ նախագահը մեկնաբանել է բենզինի գների թանկացումը
Նմանատիպ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ մեկնաբանելով գների թանկացումը։
Նա նշել է, որ այս ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն են կատարում, արդյունքները շուտով կհրապարակվեն։
Ըստ Գևորգյանի՝ վերլուծվել է 2022 թվականի հունվարից 2023 թվականի սեպտեմբեր ընկած հատվածի տեղեկատվությունը. «Հայաստանում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների ու գների հետ, որովհետև 2022թ.-ի հունվար-մայիս ամիսներին, երբ եղել է բարձր գին, հետո նույնը տեղի է ունեցել 2023թ.-ի վերջին ամիսներին։ Երբ նայում ենք ներմուծման ինքնարժեքները 1 լ-դոլար համամասնությամբ, գրեթե նույնական են»։
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո Հայաստանում էականորեն փոխվել են բենզինի շուկայի դերակատարների ծավալները, նոր խաղացողներ են հայտնվել. «Մանրածախ գնի մարժաներն՝ առնվազն բարձր լինելու առումով, մտահոգիչ չեն։ Եթե բորսայում գինը բարձր է, չի կարող Հայաստանում էժան լինել»,– ասել է նա։
Գևորգյանը խոսել է նաև հարևան երկրներում բենզինի գնի մասին. «Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՞ ոչ։ Խնդրում եմ ևս մեկ բան հաշվի առնել, որ Հայաստանից Վրաստան գնալու համար տնտեսվարող սուբյեկտները վճարում են լուրջ գումար՝ տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Մեր երկաթուղիները ևս ծախս են պահանջում․ չէ՞ որ Այրումից պետք է տեղափոխվեն պահեստներ»։
Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե բաձր կամ ցածր գին ապահովելն է, այլ արդար, մրցակցային գին ապահովելը։
Գևորգյանը նաև ասել է, թե Հայաստանում սպառվում է 250 հազար տոննա բենզին, իսկ հեղուկ գազի սպառումն ավելի մեծ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում