Հայաստանն ու Իրանը նոր հուշագիր են ստորագրել
Նմանատիպ
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում