ԴԱՀԿ-ն լուծել է բանկային հաշիվներում գումարի սառեցման խնդիրը
Նմանատիպ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածությունը արդիականացվել է, ինչը թույլ կտա լուծել բանկային հաշվում որոշակի գումարի սառեցման ժամանակ առաջացող խնդիրը: ՀՀ ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարի խոսքով` այսօր խնդիր է առաջանում, երբ ԴԱՀԿ–ն որևիցե անձի բանկային հաշվում առկա գումարի վրա արգելանք է դնում, և այն ավտոմատ կերպով արգելափակվում է նաև նրա՝ մյուս բանկերում առկա հաշիվներում:
Մինասյանը նշել է, որ խնդիրը մասամբ լուծվել է յոթ բանկերի հետ համագործակցությամբ, որոնց ծրագրային ապահովումը ներդաշնակեցվել է ծառայության հետ: Միևնույն ժամանակ, սակայն, պարզվել է, որ ԴԱՀԿ–ի ծրագիրը թարմացման կարիք ունի։
«Ծրագրի արդիականացման դեպքում հենց քաղաքացին գումարը փոխանցի ԴԱՀԿ հաշվեհամարին, նրա հաշիվները կբացվեն բոլոր մյուս բանկերում»,– ասել է նա:
Նախարարը ավելացրել է, որ խնդիրն արդեն լուծվել է տերմինալների միջոցով տուգանքները վճարելու դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում