Աշխարհի 43 ռեկորդ ու չեմպիոնական փայլուն ժպիտ․ Յուրի Վարդանյան
Նմանատիպ
Հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Նորայրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում։
Յուրի Վարդանյանի հաշվին 43 համաշխարհային ռեկորդ է, Աշխարհի առաջնությունների` 7, Եվրոպայի՝ 5 ու Օլիմպիական՝ 1 ոսկե մեդալներ: Միայն 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։
1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
Մինչ համաշխարհային ճանաչումն ու ձեռքբերումները, Յուրի Վարդանյանը առաջին քայլերը սկսել է կատարել Լենինականի փոքրիկ ու կիսամութ դահլիճում, որտեղ հազիվ տեղավորվում էր ծանրամարտի մեկ հարթակ, իսկ ընկնող ծանրաձողի ձայնը սարսափելի բարձր էր հնչում:
Հետագայում որքան էլ Յուրի Վարդանյանը շատ մրցաշարերի է մասնակցել ու անթիվ մեդալներ նվաճել, ամբողջ կարիերայի ընթացքում հիշել է իր առաջին պաշտոնական մրցման ժամանակ ստացած դասը: Դեռ 51 կգ քաշային կարգում հանդես եկող ծանորդը Երևանում կայացած մրցումներում 120 կգ-ով ընդամենը 4-րդն էր:
Գնացքով Գյումրի վերադարձի ճանապարհին նա համարյա չի խոսել, սակայն երբ արդեն հասնելիս են եղել Լենինական, հայացքը կտրել է պատուհանից ու ասել. «Ա՜յ, կտեսնե՛ք, ես չեմպիոն կդառնամ»:
Մարզիկը հրաշալի հասկանում էր, որ պարտություններն այդքան էլ սարսափելի չեն։ Եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է շուտ մոռանալ նախորդ մրցումները։ Առանց պարտությունների նոր հաղթանակներ չեն գրանցվում։
«80-ականներին իմ կարիերայի միջնամասն էր: ԽՍՀՄ-ի հավաքականում 1975 թվականից եմ սկսել հանդես գալ: Այդ ժամանակ էլ առաջին լուրջ հաջողությանս եմ հասել՝ երիտասարդական ԱԱ-ում ռեկորդներ եմ սահմանել ու առաջին տեղը գրավել: 2 տարի անց արդեն մեծերի Աշխարհի չեմպիոն էի, հաջողությունս կրկնեցի 6 տարի շարունակ՝ 1978-1983 թթ: Ապա Աշխարհի ոսկի նվաճեցի մեկ տարվա ընդմիջումից հետո՝ 1985-ին»,- հարցարզույցներից մեկի ժամանակ պատմել է ծանրորդը:
1976-ին Մոնրեալում կայանալիք Օլիմպիական խաղերում Վարդանյանին չընդգրկեցին։ Սա լուրջ մարտահրավեր էր սպորտսմենի համար։ Այդ ժամանակ էլ ծանրորդի հորեղբայրն ու մարզիչը որոշեց յուրահատուկ մրցում անցկացնել․ միջին քաշային կարգի ոսկու հիմնական հավակնորդներ Վարդան Միլիտոսյանն ու բուլղարացի Յորդան Միտկովը ծանրաձողը կբարձրացնեն Կանադայում, իսկ Յուրին՝ Գյումրիում:
Արդյունքում՝ Վարդանյանն Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Միտկովից 7,5 կգ, իսկ արծաթե մեդալակիր Միլիտոսյանից՝ 12,5 կգ ավելի շատ բարձրացրեց:
Այդ հաջողությունից հետո մարզիկն իր ուժը պետք է նաև պաշտոնական մրցման ժամանակ ապացուցեր: Նա մեծահասակների առաջին մրցաշարում հանդես եկավ ԽՍՀՄ-ի Գավաթում: 20-ամյա ծանրորդը 2 ռեկորդ սահմանեց՝ 155,5 կգ պոկում ու 193 կգ հրում վարժություններում։
Չնայած հաջողություններին, նա հաճախ էր կրկնում, որ սիրում է երեխաների հետ մարզվել, քանի որ նրանցից ուժ և ոգևորություն էր ստանում։
«Համոզված եմ, որ նաև մտածում են. «Եթե նա կարողացել է, ինձ մոտ էլ անպայման կստացվի»,- ասում էր Վարդանյանը:
Մոսկվայում Օլիմպիական խաղերն առաջին անգամ էին կայանալու։ Պետք է Վարդանյանը մրցեր Բլագոևի հետ։
Երկուսն էլ ելույթը սկսեցին 165 կգ-ից, ինչը նախորդ Օլիմպիական ռեկորդից 2,5 կգ-ով ավել էր: Քաշը երկու ծանրորդներին էլ հեշտությամբ տրվեց, 2-րդի ժամանակ Բլագոևը պոկեց 170 կգ, իսկ Վարդանյանը՝ 172,5: Բլագոևի 3-րդ հաջող փորձը գրանցեց 175 կգ, նրան մնում էր սպասել Վարդանյանի քայլին: Վարդանյանը պատվիրեց 177,5 կգ, կենտրոնացած մոտեցավ քաշին ու գլխավերևում պահեց: Դա միջին քաշային կարգում առաջին համաշխարհային ռեկորդն էր։
Հրում վարժությունում Բլագոևը 192,5 ու 197,5 կգ բարձրացրեց, իսկ Վարդանյանը՝ 205 կգ ու 215,5: Դա նրան թույլ կտար ևս 2 ռեկորդ սահմանել՝ հրումում ու երկամարտում: Ու երբ նա քաշն իրեն ենթարկեց, Բլագոևը հրաժարվեց պայքարից՝ չօգտագործելով 3-րդ մոտեցումը։
Այդ երեկո Վարդանյանի հաջորդ քաշը 222,5 կգ-ն էր: Նա առաջին մարզիկը դարձավ, ով երկամարտում 400 կգ-ի սահմանն անցավ:
5 ռեկորդ ու չեմպիոնական փայլուն ժպիտ, այսպես հայ ամենաուժեղ ծանրորդը բարձրացավ Օլիմպիական հարթակին։
Օլիմպիական չեմպիոնը ցանկանում էի մասնակցել նաև 1988-ի Սեուլի Օլիմպիադային, սակայն նրան չընդգրկեցին թիմում։
Այսպես ավարտվեց նրա փայլուն հաղթանակների շարքը և նա իրեն նվիրեց ապագա սերունդներին մարզելու գործին։
Յուրի Վարդանայնը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Այսօր նրա մահվան 5-րդ տարելիցն է։