Ռումինիայում քննարկվել է ԼՂ-ի հայկական ժառանգության պահպանման հարցը

Ռումինիայում քննարկվել է ԼՂ-ի հայկական ժառանգության պահպանման հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության պահպանման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ռումինական կողմին շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Երևան են հասել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն հայտնել է, որ դա միայն այն օգնության մի մասն է, որը հատկացրել է Ռումինիան։

Բուխարեստից Երևան նախատեսված է ևս մեկ չվերթ ՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածների համար նախատեսված բժշկական պարագաներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում