Մենք կաշխատենք ապահովել APEC-ի բոլոր երկրների պատշաճ մասնակցությունը՝ ներառյալ Ռուսաստանը. Պետդեպ

Մենք կաշխատենք ապահովել APEC-ի բոլոր երկրների պատշաճ մասնակցությունը՝ ներառյալ Ռուսաստանը. Պետդեպ

Միացյալ Նահանգները կաշխատի ապահովել ռուսական պատվիրակության պատշաճ մասնակցությունը նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին, սակայն առանց անտեսելու պատժամիջոցները։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

«Մենք, իհարկե, կաշխատենք ապահովել APEC-ի բոլոր երկրների պատշաճ մասնակցությունը՝ ներառյալ Ռուսաստանը», – ասել են գերատեսչությունում:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները հստակեցնում է, որ «2023 թվականին APEC-ին մասնակցությունը տեղի կունենա ԱՄՆ օրենսդրության և կանոնակարգի համաձայն՝ պատժամիջոցները հաշվի առնելով»։

Հարցին, թե հայտնի է՝ ով կարող է ներկայացնել Ռուսաստանը գալիք գագաթնաժողովում, Պետդեպարտամենտը պատասխանել է, որ միջոցառման մասնակիցների վերաբերյալ ընթացիկ տեղեկություններ չունեն։

Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արձագանքել է՝ նշելով, որ Մոսկվան ինքնուրույն է որոշելու միջոցառմանը իր մասնակցության մակարդակը, ԱՄՆ-ի դերը միայն հրավեր տալն է։

Ինչպես անցյալ շաբաթ ասել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ժամանակին կհայտարարի, թե ով է իրեն ներկայացնելու Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպմանը։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի 21 երկրների առևտրատնտեսական ֆորումն է: Այս տարվա գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 17-ը Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում