Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը. Միրզոյան
Նմանատիպ
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած Ադրբեջանը խաղաղության օրակարգից շեղելու փորձեր է անում, այդուհանդերձ, այդ օրակարգի ուղղությամբ Երևանի կուրսը շարունակվում է։
Ինչպես նշել է Միրզոյանը, Հայաստանը հույս ուներ, որ Գրանադայում կհաջողվի մեծ քայլ կատարել խաղաղության օրակարգի իրականացման ճանապարհին, սակայն, ցավոք, Ադրբեջանի նախագահը անհրաժեշտ կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ գագաթնաժողովին: Չնայած դրան, Գրանադայում ստորագրվեց հռչակագիր, որն, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, հիմք է Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի համար:
Նա հիշեցրել է, որ այդ պայմանագրի առաջին սկզբունքը վերաբերում է կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Հայաստանը ցանկանում է առավելագույն կոնկրետություն ապահովել այս հարցում, ինչի պատճառով էլ կոնկրետ թվեր են նշվում 2 երկրի տարածքների մասով։
«Պայմանագրի 2-րդ սկզբունքը կապված է երկու երկրների սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ, գործընթացը պետք է իրականացվի խորհրդային շրջանի ամենաթարմ և լեգիտիմ քարտեզների հիման վրա: Այդ քարտեզները կազմվել են 1974-1978 թթ. և, մեծ հաշվով, դելիմիտացիան պետք է տեղի ունենա ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանների հիման վրա»,– նշել է Միրզոյանը։
Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում, և սա նաև փորձ էր շեղելու Հայաստանին հիմնական օրակարգից` ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ–ի շուրջ։
Ըստ նրա` ընթացիկ տարին բյուջետային ծախսերի առումով բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես ծրագրվում էր։ Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետևանքով ԼՂ–ի հայերն այլ ելք չունեցան, քան փրկվելու համար լքել իրենց տները։
«Դրա հետևանքով այսօր ունենք 100 հազարից ավելի փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ ու երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին են ծանրանում` դառնալով նաև ԱԳՆ–ի նպատակներն ու խնդիրները, այդ թվում նաև միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն»,– ասել է Միրզոյանը։
Նա հավելել է՝ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի ներքաղաքական կյանքից մինչև սոցիալական համակարգեր։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ միջազգային շատ գործընկերներ զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից ու կազմակերպվածությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում