ԿԲ-ն պարզաբանել է արցախցիների կենսաթոշակների վերաբերյալ հարցերը
Նմանատիպ
2022 թվականին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ Այս տարվա 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ: Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ֆինանսների նախարարությունից։
Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը:
«Ինֆոքոմին» Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հաղորդել էին, որ չեն ստացել կենսաթոշակները և նպաստները, և տեղյակ չեն, թե երբ ու ինչ կարգով են ստանալու այդ գումարը։ Ուստի լրատվականը նախարարությունից հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է թոշակառուների ու նպաստառուների տվյալների և նրանց հատկացվող բյուջեի փոխադրումը Արցախի կառավարությունից Հայաստանի կառավարություն։ Ինչպես նաև, թե որքան է կազմում Արցախի կենսաթոշակային և նպաստային ֆոնդը։ Այս հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ տեղեկությունը դեռևս հստակեցման փուլում է:
Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր Կենտրոնական բանկից ճշտել, թե որքան գումար է կուտակվել Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգում և ինչպես է տնօրինվելու այդ գումարը։ ԿԲ-ից «Ինֆոքոմի» գրությանն ի պատասխան՝ տեղեկացրել են հետևյալը․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական և օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր և այլն), և ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում