Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի Ագ նախարարին և կարևորել երկկողմ հարաբերությունները Գերմանիայի հետ։
Նա նշել է, որ ուրախ է տեսնել տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, ինչպես նաև հայ-գերմանական հարաբերություններում նոր դինամիկա։
Իր հերթին Անալենա Բերբոքն ասել է, որ Գերմանիան բարձր է գնահատում համագործակցությունն ու Եվրոպական մայրցամաքի համար համատեղ աշխատելը։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Անալենա Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան նախատեսում է Հայաստանին ավելի քան 9 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում