Ո՞վ է դեմ Գազայում հրադադարի հաստատմանը.Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Մենք չենք աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը․ Պենտագոն
Պենտագոնը չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատման գաղափարին, քանի որ այն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը վերախմբավորվելու հնարավորություն կտա։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք չենք աջակցում հրադադարի սահմանմանը, դա ՀԱՄԱՍ-ին ժամանակ կտա վերախմբավորվելու, ինչը հերթական անգամ կվտանգի Իսրայելի ժողովրդին և մյուսներին», – ասել է նա:
ՀՀ դատախազությունը ոչնչացրել է Սումգայիթի ջարդերի մասին նյութերը. Մարինա Գրիգորյան
Հայաստանի գլխավոր դատախազությունը Փաշինյանի հրահանգով ոչնչացրել է հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների ապացույցները։ Այս մասին գրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։
2010 թվականին Հայաստանի գլխավոր դատախազության կայքի գլխավոր էջում տեղադրվել է «Սումգայիթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի նյութեր» բաժնի հղումը, որտեղ առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել են հարյուրավոր թվայնացված նյութեր և փաստաթղթեր, որոնք անգնահատելի վկայություն են Ադրբեջանի կողմից Սումգայիթի հայերի ցեղասպանության մասին։
Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները. Էրդողան
Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները։ Այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հնդկաստանում քննարկում են Հայաստանում զորք տեղակայելու հնարավորությունը
Պաշտոնաթող գեներալ-մայոր Աշոկ Կումարը՝ 1999թ.-ին Հնդկաստանի և Պակիստանի Կարգիլ պատերազմի վետերան, Firstpost-ին տված հարցազրույցում արտահայտել է Հայաստանում «Հնդկական բանակի ուսումնական թիմ (IATT)» տեղակայելու գաղափարը։
Ուսումնական խմբի խնդիրն է լինելու հայ զինվորականներին պատրաստելը և մարտական փորձը փոխանցելը։ Այդ թվում՝ երկու ճակատով պատերազմներ։ Կումարը նշել է, որ Հնդկաստանը հաջողությամբ կռվել և հաղթել է պատերազմում երկու ճակատով 1971 թվականին, և այժմ հաղթահարում է նմանատիպ սպառնալիքը երկու ճակատում՝ Չինաստանից և Պակիստանից: Բացի այդ, Հնդկաստանն արդեն ունի այլ երկրներում IATT-ի հաջող ստեղծման փորձ:
Երևանում կայացել է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստը
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Հայաստանը Եվրամիությունից կստանա 17,9 մլն եվրոյի դրամաշնորհ
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ասել է, որ Հայաստանը 2024 թվականի Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ակնկալում է ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ։ Նրա խոսքով` աջակցությունը մեր երկրի տրամադրվում է 3 հիմնական ուղղություններով։
Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած Ադրբեջանը խաղաղության օրակարգից շեղելու փորձեր է անում, այդուհանդերձ, այդ օրակարգի ուղղությամբ Երևանի կուրսը շարունակվում է։
Շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը. Բերբոք
Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը, ուժեղ և սերտ համագործակցություն ունենալ, քան այսօր կա։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ասել է Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան: Բերբոքն ընդգծել է, որ գործող աշխարհաքաղաքական պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի համաձայնեցված խաղաղության պայմանագիր, քանի որ տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ նման պայմաններում:
Քանի դեռ ԱՄՆ-ն կա, Իսրայելը միայնակ չի լինի. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «քանի դեռ Միացյալ Նահանգները կա, Իսրայելը միայնակ չի լինի»։ Այս մասին գրում է Times of Israel-ը:
Բլինկենն այս միտքը շեշտել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգի և ռազմական կաբինետի մյուս անդամների հետ իր հանդիպումների ժամանակ։
«Դժվար օրեր են, բայց մենք այստեղ ենք և համերաշխ ենք Իսրայելի հետ։ Մենք վճռականորեն կողմ ենք այն մտքին, որ Իսրայելը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է պաշտպանել իրեն և անել հնարավորը, որպեսզի համոզվի, որ այս հոկտեմբերի 7-ը երբեք չի կրկնվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում