ՊՆ-ն հերքել է իր առնչությունը Գմբեթ-2 նախագծին

ՊՆ-ն հերքել է իր առնչությունը Գմբեթ-2 նախագծին

Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է վերջին օրերին քննարկման նյութ դարձած Գմբեթ-2 ծրագրին, ՀՀ զինված ուժերի հետ կապված նախաձեռնություններին։ Նա հարցում դիմել էր ՀՀ ՊՆ, որի պատասխանը ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այս օրերին հանրային լայն քննարկում է ծավալվել զանգվածային քարոզչական արշավի արդյունքում հանրության, անգամ Սփյուռքի լայն շրջանակներում տարածում ստացած ՈՄԱ հասարակական կազմակերպության կողմից սկսված Գմբեթ-2 անունը ստացած ամրաշինական կառույցների համար դրամահավաքի և դրանով իբր պաշտպանական երկրորդ գծում հենակետերի կառուցման շուրջ։ Ոչ պաշտոնապես Պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապն այդ աշխատանքների հետ։ Դեռ հոկտեմբերի 2-ին հարցի վերաբերյալ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին մի քանի կետանոց հարցում էի ուղարկել, որի պատասխանը բավականին ուշ, միայն հոկտեմբերի 26-ին ստացա»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ պաշտպանության նախարարի տված պատասխանից պարզ է դառնում, որ՝

  1. «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել։
  2. 2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը (նախկինում ծառայել է Զինված ուժերում)՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով… Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել, և դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է։
  3. Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023թ. սեպտեմբերին, Տ. Շահինյանից։
  4. «ՈՄԱ» ՀԿ կողմից իրականաց¬վող ինժեներական աշխատանքները ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ համաձայնեցված չեն։
  5. «ՈՄԱ» ՀԿ կողմից «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել։

Ինչպես հայտնում է պատգամավորը, համաձայն ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «ՈՄԱ» ՀԿ-ն, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ սահմանամերձ բնակավայրերի շրջակայքում, որոնց վայրերի, բնույթի և քանակների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կողմից «ՈՄԱ» ՀԿ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։ Ինչպես նաև, ՊՆ-ն հերքել է իր առնչությունը Գմբեթ-2 նախագծին։

«Նախկինում, հրապարակային ելույթներում, ՀՀ ԶՈՒ վիճակի մասին ԱԺ փակ նիստում, կառավարության գործունեության, բյուջեի կատարողական քննակումներում, օրերս ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ փակ քննարկման ժամանակ բարձրաձայնել եմ հասարակական տարբեր նախաձեռնությունների և ՀՀ պաշտպանական քաղաքականության համակարգմամբ զբաղվող օղակների աշխատանքների համադրման հարցը։

Միաժամանակ շեշտել եմ, որ անթույլատրելի է, երբ այդ աշխատանքները կատարվում են լոկ իմիտացիայի համար։

Գմբեթ-2-ը վառ վկայությունն է, թե ինչպես իրական արդյունք չարձանագրելով, չդառնալով ՀՀ անտանգային համակարգի փոխլրացնող մաս, այն կարող է դառնալ հանրային գիտակցության վրա ազդող, իբր պաշտպանական աշխատանքներում անգնահատելի մաս կազմող թեզ»,- շեշտել է Գեղամյանը։

Գեղամյանն ընդգծել է, որ հանրային մեծ քննարկման նման նյութը հարկ է, որ ուշադրության կենտրոնում պահի ԱԺ պաշտպանության հանձնաժողովը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպի շահագրգիռ կազմակերպությունների, նախաձեռնությունների և գերատեսչությունների հետ քննարկումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում