ԼՂ-ից տեղահանվածների թոշակների վճարման համար 30 մլրդ կտրամադրվի
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թոշակների ու նպաստների վճարման համար լրացուցիչ 30 մլրդ դրամ կավելացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
Նախարարը նշել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը։
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»,- ընդգծել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ վաղը ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ–ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ–ում։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։
Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում։ Հովհաննիսյանը վստահեցրել է` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում