Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն իրենք շարունակում են աշխատանքները։
«Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում անցկացնելու համար։ Գիտեք, որ երեկ Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մշտական կապի մեջ ենք մյուս միջնորդների հետ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա»,- ասել է փոխնախարարը։
Թե այդ հանդիպումը ինչ մակարդակով, որտեղ և ում միջնորդությամբ կլինի, Կոստանյանը դժվարացավ ասել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում