Բայդենը և Սի Ծինփինը հանդիպում կունենան. Սպիտակ տուն

Բայդենը և Սի Ծինփինը հանդիպում կունենան. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում երկկողմ հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Այս մասին լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Նախագահ Բայդենը նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ»,-ասել է պաշտոնյան: Նրա խոսքով` առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը հույս ունի խոսել զինվորականների գծով շփումների վերսկսման չափանիշների մասին: Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվել և մտադիր է պատասխանատվությամբ մոտենալ երկու երկրների միջև մրցակցության կառավարմանը:

«Կցանկանայի ընդգծել, որ մենք մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, սակայն նրա հետ հակամարտություն, առճակատում կամ սառը պատերազմ չենք փնտրում։ Մենք պատասխանատու կերպով ենք մոտենում այդ մրցակցության կառավարմանը»,-ասել է նա։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով` վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն ակտիվորեն աշխատել են կառավարական մակարդակով լիարժեք երկխոսության վերականգնման ուղղությամբ, ինչի մասին վկայում են պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Պեկին, և ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Իի` Վաշինգտոն կատարած վերջին այցերը:

Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 11-17-ը կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում