ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սիրիայում է

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սիրիայում է

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է:

ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության համաձայն, պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի և հայ ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ու դերակատարում ունի: Նա գոհունակությամբ արձանագրել է Սիրիայի հետ ավանդական ջերմ և գործընկերային հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի ու փոխվստահության ամուր հիմքերի վրա:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2400000 քմ տարածք, ինչպես նաև բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով: Մենք դա հնարավոր ենք համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սև ծովին և Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղը խոսել է երկու երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարեւորել Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ կառավարման հարցերից մինչեւ տնտեսական և մշակութային կյանքը:

Խոսելով խաղաղության մասին՝ նախագահ Սաբբաղն ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի ու բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և խորհրդարանական կապերի խորացումը, որի գործում մեծ է բարեկամական խմբերի դերը՝ որպես օրենսդիր մարմինների միջև համագործակցության շարժիչ ուժ:

Նախագահի տեղակալն ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերը լրացուցիչ խթան են հանդիսանում երկու երկրների փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման գործընթացին, ինչպես նաև միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսքենյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն համատեղ օրակարգային հարցերը հասցեագրելու և երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում