Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից գոյացած հասույթը կուղղվի ԼՂ հայերի աջակցությանը
Նմանատիպ
Կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին, ԱԹԵՆՔԻ «Մեգարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Մենակատարն էր Անուշ Նիկողոսյան, ով կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը։ Բացի այդ, համերգին հնչեցին հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Սերգեյ Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան։
Համերգին ներկա էին Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների և կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, հույն մտավորականության ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Աթենքում համերգն իրականացավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձավ նվագախմբի՝ այս համերգային շրջագայության ընթացքում նախատեսված մյուս համերգներին (Սալոնիկ, Նյու Յորք, Բոստոն, Տորոնտո, Մոնրեալ)՝ կարևորելով, որ Բոստոնում նախատեսված համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում