«Խաղաղության դարաշրջա՞ն», թե՞ սպառազինությունների մրցավազք. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

«Խաղաղության դարաշրջա՞ն», թե՞ սպառազինությունների մրցավազք. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Ադրբեջանը Իսրայելից ձեռք կբերի 1,2 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ձեռք կբերի Barak MX հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Defence Industry Europe–ին։

Նշվում է, որ այդ ՀՕՊ համակարգերը նախատեսված են օդային սպառնալիքներից (ինչպիսիք են ավիացիան և հրթիռները) պաշտպանվելու համար:

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը ցուցադրել էր Barak MX–ի հնարավորություններն Ադրբեջանում, փորձարկումները ներառում էին այդ համակարգի տարբերակների կալանիչների բազմակի արձակում:

ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի նկատմամբ. Իսրայելի ՊՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով The Times of Israel պարբերականին։

«ՀԱՄԱՍ–ը չունի ուժեր, որոնք կարող են կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելի պաշտպանության բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: ՀԱՄԱՍ կազմակերպությունը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Ահաբեկիչները փախչում են դեպի հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ–ի բազաները։ Նրանք վստահություն չունեն կառավարության հանդեպ»,– ասել է նախարարը։

Բաքուն Սերբիայի հետ «այլընտրանքային» գազի վերաբերյալ համաձայնագրեր կստորագրի

Ադրբեջանն ու Սերբիան առաջիկա չորեքշաբթի կստորագրեն երկու կարևոր էներգետիկ համաձայնագիր։

Փաստաթղթեր կստորագրվեն Ադրբեջանի և Սերբիայի էներգետիկայի նախարարներ Փարվիզ Շահբազովի և Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչի միջև Բաքվում կայանալիք հանդիպումից հետո։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, ակնկալվում է փոխըմբռնման հուշագրի ստորագրում Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև՝ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և Srbijagas-ի միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ ինչպես նաև SOCAR-ի և Srbijagas-ի միջև գազի վաճառքի մասին համաձայնագիրը։

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Վրաստանը հաստատել է ֆրանսիական զրահատեխնիկայի տարանցումը Հայաստան

APM Terminals Poti-ն, որը շահագործում է Վրաստանի Փոթի նավահանգիստը, հաստատել է ֆրանսիական «Բաստիոն» զրահափոխադրիչների տարանցումը դեպի Հայաստան։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հաղորդել են վրացական լրատվական  ծառայությունները։

«Կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից, և ուղարկվել է Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող երկրների համար բեռների ընդունումից հրաժարվելու հնարավորությունից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին «Բաստիոն» զրահատեխնիկայի լուսանկարները։ Նշվել է, որ նկարներն արվել են Փոթի նավահանգստում, իսկ զրահատեխնիկայի վերջնական նպատակակետը Հայաստանն է։

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Երևան

Երեկ Լոնդոնում կայացած ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Թագավորությունը ողջունել է Հայաստանի հետ նորացված հարաբերությունները:

Այդ մասին հայտնում են Երևանում Միացյալ Թագավորության դեսպանությունից:

«Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները, ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը Լոնդոնում նոյեմբերի 13-ին կայացած միջոցառման ժամանակ։

Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

Հունգարիան և ՌԴ-ն ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ծրագիրը

Հունգարիան և Ռուսաստանը ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ–ի կառուցման աշխատանքների ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ԱԷԿ-ի տարածքում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։

«Այսօր մենք ստորագրել ենք առաջիկա տարիների աշխատանքային ռեժիմի ծրագիրը, և դրա հիման վրա կարող եմ ասել, որ հաջորդ տասնամյակի սկզբին կկարողանանք ցանցին միացնել նոր ԱԷԿ-ը, որը մենք կառուցում ենք», – ասել է Սիյարտոն:

Նախարարի խոսքով՝ հարթակում շարունակվում են փորման աշխատանքները, 77 տոկոսով ավարտվել է հակաֆիլտրացիոն վարագույրի կառուցումը, իսկ նոյեմբերի սկզբին, ըստ ժամանակացույցի, սկսվել է հողի ամրացումը, որը 17 հեկտար տարածք կընդգրկի: Հաջորդ վեց ամիսների ընթացքում հարթակում նախատեսվում է 60 շինություն կառուցել։

Հայաստանին զինելը կարող է տարածաշրջանում իրավիճակը կրկին սրել

Թեև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար բարենպաստ հնարավորություն կա, սակայն որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով անընդունելի է։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Թեև բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, սակայն որոշ պետությունների կողմից անընդունելի է Հայաստանին զինելը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով, նման հանգամանքները կարող են կրկին հանգեցնել պատերազմի բռնկման», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Իրանը տարածաշրջանի երկրների հետ տարանցիկ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել

Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքմենստանի հետ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում տարանցիկ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել: Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը, տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարպաշը։

«ՏՀԿ-ի գագաթնաժողովում ընդգծվել են տարանցիկ հնարավորությունները, Իրանը հիշատակվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, օրակարգում հարավ-արևելքից դեպի հյուսիս միջանցքի շինարարության ավարտն է, ինչպես նաև Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ համաձայնագրեր են ստորագրվել այդ երկրների հետ տարանցիկ առևտրի զարգացման վերաբերյալ», – ասել է Բազարպաշայը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում