ԼՂ–ից տեղահանվածներին օժանդակությունը կարող է ծնել հավելյալ պահանջարկ և գնաճ
Նմանատիպ
ԼՂ–ից բռնի տեղահանվածներին օժանդակությունը հնարավոր է ծնի հավելյալ պահանջարկ և գնաճ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու համար ՀՀ կառավարությունը 2024թ.-ի պետական բյուջեի նախագծում նախնական նշել է 10 մլն դրամ։
«Թե ինչպիսի հետևանքներ կբերեն հավելյալ ծախսերը, դրա մասին կխոսենք ու սցենարային կանդրադառնանք, երբ սկսվեն համապատասխան քննարկումները։ Գնաճ–պահանջարկ տեսանկյունից, բնականաբար, հավելյալ այս ծախսերը ստեղծելու են հավելյալ պահանջարկ։ Արդեն իսկ ընդլայնված պահանջարկի զոնայում ստեղծելու է նաև հավելյալ պահանջարկ, որի վերաբերյալ ՀՀ ԿԲ–ն պետք է հստակ մոտեցումներ ունենա առաջիկայում»,- ասել է ԿԲ նախագահը։
Անդրադառնալով 2024թ․-ին կանխատեսվող տնտեսական աճի գնահատականներին` Գալստյանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ նախատեսվող կապիտալ ներդրումները մասնավոր ներդրումների հետ լինեն այնպիսի սիներգիկ համագոյակցության մեջ, որպեսզի կարողանան մեկտեղել իրար` արդյունքները շատ ավելի մեծ դարձնելու համար։
«Այսինքն` ՀՀ կառավարությունը պետք է անի մի բան, որ նպաստի մասնավորի մրցունակության աճին, իսկ մասնավորն արդեն իսկ իր կողմից իրականացրած ներդրումների հաշվին լինի ավելի արտադրողական»,– հայտնել է ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե ՀՀ կառավարությունն անընդհատ պետք է սուբսիդավորի այն տնտեսվարողներին, որոնք մրցունակ չեն և որոնց տնտեսագիտական գրականության մեջ անվանում են զոմբի ընկերություններ, ապա դա տխուր սցենար կլինի։
«Մենք պիտի օժանդակենք այն ընկերություններին, որոնք որոշ ժամանակ անց դինամիկ սուբսիդիաների միջոցով կարող են գալ ու հասնել մրցունակության մի մակարդակի և կարող են արտադրել ու մատուցել ծառայություններ, լինենք միջազգայնորեն մրցունակ»,– ընդգծել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում