Ցանկացած երկիր պաշտպանության իրավունք ունի. Վրաստանի ԱԳ նախարար
Նմանատիպ
Ցանկացած պետություն ունի պաշտպանության իրավունք, իսկ Վրաստանը հարևան Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցիկ գործառույթից։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին` պատասխանելով Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումների մասին հարցին։
Ավելի վաղ սոցցանցերում հրապարակվել էին լուսանկարներ, որոնք արվել էին վրացական Փոթի նավահանգստում զրահամեքենաների բեռնաթափման պահին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել մատակարարումների մասին տեղեկությունը՝ ասելով, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից բացի այլ տեղեկատվություն չի կարող տրամադրել։
«Վրաստանը դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ պետք է տալ հնարավորություն օգտագործելու տարանցիկ գործառույթը, որն ունի մեր երկիրը, ընդ որում՝ հավասար պայմաններով։ Ըստ այդմ՝ սա մեր պատասխանն է այդ հարցին, և անհարկի ակնարկները տեղին չեն»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Թբիլիսին Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացում բավականին հաջողությամբ չեզոք դիրք է գրավում։
«Վրաստանը տարիներ շարունակ փորձել է իր վրա վերցնել այդ բնական դերն այս գործընթացում, սակայն սա շատ բարդ հակամարտություն էր, և հենց վարչապետի հատուկ ջանքերի և երկու երկրների ղեկավարների հետ նրա անձնական հարաբերությունների շնորհիվ մենք կոնկրետ արդյունքի հասանք երկու երկրների համար փոխշահավետ համաձայնագրի տեսքով», – հայտարարել է Դարչիաշվիլին։
Նա բացատրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց հռետորաբանությունն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում