Մենք թուրք չենք, պարզապես խոսում ենք թուրքերեն.իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի Ատրպատականի նահանգի Արդեբիլից ընտրված պատգամավոր Մանսուր Հագիգաթփուրը Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստեսային կազմակերպության նախագահ Իզզեթուլլահ Զարղամիի` ազարի համարվող լեզվով հեռուստաալիք բացելու հետ կապված հայտարարել է. «Զարղամիի անվանած ազարի հեռուստաալիքը հենց թուրքերենով հեռուստաալիք է լինելու: Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը և հավատում, որ հեռուստաալիքը կարող է մեծ դեր խաղալ Ատրպատականի մշակույթը պահպանելու և զարգացնելու գործում»:

Իրանցի պատգամավորի խոսքը հրապարակել է ադրբեջանական moderator.az կայքը` հղում կատարելով OcaqTV հեռուստաալիքին:

Պատգամավորը պարզաբանել է նաև հեռուստաալիքի` թուքրերենով հեռարձակվելու պատճառը: Նրա խոսքով` Ատրպատականի բնակչությունը ազգությամբ թուրք կամ ազերի չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ: «Մենք թուրք չենք, պարզապես խոսում ենք թուրքերեն: Ազարի լեզու գոյություն չունի, այն ընդամենը բարբառ է: Մեր ծագումը արիական է, թուրքերինը` այլ: Հնում ևս ազարի լեզու չի եղել: Պարզապես եղել է ազարի բարբառ: Որոշ նման բարբառներ ժամանակի ընթացքում վերացել են, իսկ այս մեկը մնացել է», -ասել է իրանցի պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում