Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության գալը կախված է Բաքվից
Նմանատիպ
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության գալը հիմա կախված է Բաքվից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում:
«Թվում է, թե նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», – ասել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե արդյոք պատրաստ է նույն կերպ վարվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նա հայտարարեց, որ պատրաստ է», – ասել է Օ’Բրայենը:
Ինչպես արդեն նշել էինք, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը փաստել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ չեն լինի, քանի դեռ խաղաղ ճանապարհով առաջընթաց չենք տեսել», – նշել է դիվանագետը:
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի դեմ ուժի կիրառումը ևս անընդունելի է: Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը ԱՄՆ-ին է հասցրել նման մտահղացումների բացակայության մասին տեղեկատվությունը:
«Բաքվի իշխանությունը մեզ հավաստիացրել է, որ իրենք նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին և ցանկացած նշանին, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ», – ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում