ՀՀ-ն միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» համաձայնագրին
Նմանատիպ
Այսօր Հայաստանը միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է արևային էներգետիկայի ոլորտում և արևային էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատումը դրական և նոր զարգացումների հիմք կստեղծի։ Հայաստանի համար ևս վերականգնվող էներգետիկան համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է․ վերջին տարիներին հատկապես զարգանում է արևային էներգետիկան»,- ասել է Սանոսյանն իր ելույթում։
Նրա խոսքով` համաձայնագրին Հայաստանի միացումը համահունչ է Էներգետիկայի զարգացման ռազմավարությանը, որով նախատեսվում է 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի, իսկ 2030-2040 թթ. կառուցել ևս 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ։
Նշենք, որ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և բնօրինակը պաշտոնապես հանձնել է համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։
Արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում