ՆԳՆ-ն պարզաբանել է ԵՊՀ-ի պայթյունը
Նմանատիպ
Պայթյունը տեղի է ունեցել պոմպակայանի համար նախատեսված սենյակում, որի հարևանությամբ քիմիական նյութերի պահեստն է եղել, որտեղ հրդեհ չի եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ԵՊՀ-ում վաղ առավոտյան տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 09.37-ին։ Պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում, սենյակը ծառայել է որպես հանդերձարան։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։
«Աշխատակիցներից մեկը մահացել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը՝ պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում՝ օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։
Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում