Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը կսահմանափակվի
Նմանատիպ
Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը ՀՀ կառավարությունը կսահմանափակի։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշել է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառման շրջանակն ըստ տարիների և ըստ մարզերի աստիճանաբար կրճատվում է։
«Հիմնական նպատակները երկուսն են` մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացմանը ժամանակի մեջ խրախուսելը։ Եվ նաև` եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա` երկարաժամկետ հեռանկարում, ընդլայնումը զսպելը»,– հայտարարել է նախարարը։
Ըստ այդմ, 2027 թ. հունվարի 1–ից հետո եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանի հարակից Արագածոտն, Արմավիր, Կոտայք մարզերում։
Բացի այդ, 2029 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։
Նախարարի խոսքով` սահմանափակումները չեն կիրառվելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։
«Իսկ 2025 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վարկառուի և առկայության դեպքում նաև համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտահարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»,– ընդգծել է Հովհաննիսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ 2018 թվականից մինչ օրս ավելի քան 35 հազար ընտանիք հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձման համակարգով ձեռք է բերել բնակարան։
Ըստ նրա` 2022 թ. արդյունքներով 35 մլրդ դրամի եկամտահարկի վերադարձ է իրականացվել, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի մասով է եղել։
Փաշինյանը հավանություն է տվել նախագծին, սակայն հայտարարել է, որ օրակարգից այն ժամանակավորապես կհանեն` մինչև որոշ նրբություններ շինարարական կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում կհստակեցվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում