Պապիկյանն ու Բուրչուլաձեն քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները միմյանց ներկայացրել են նաև զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
«Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանը։ Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավոր պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Բուրչուլաձեն Հայաստան էր այցելել նաև 2021 թվականին։ 2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր պաշտոնական այցով մեկնել Վրաստան։ Նախարարները պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր էին ստորագրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում