Պետրակովը մեկնաբանել է Հայաստան-Ուելս հանդիպումը
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կարծում է, որ Ուելսի թիմին հաղթելու համար չբավարարեց մեր ֆուտբոլիստների վարպետությունը։
«Ես երբեք չեմ ընդունում «բախտներս չբերեց տարբերակը», սա վարպետության հարց է, պետք է ավելացնել այն»,- ասել է Պետրակովը Հայաստան-Ուելս հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
Անդրադառնալով Նաիր Տիկնիզյանի ինքնագոլին՝ մարզիչը նշել է, որ բարկացած չէ, պետք է անցնել առաջ։
Նա, ըստ էության, դժգոհ չէ ֆուտբոլիստների խաղից։ Հիշեցրեց, որ մրցակից թիմը հանդես է գալիս Անգլիայի պրեմիեր լիգայում։
«Նրանք մի քիչ ավելի ուժեղ են, քան մենք»,- ասել է գլխավոր մարզիչը։
Նրա խոսքով՝ մեր թիմը կոմպակտ խաղ էր ցույց տալիս, վերջում տեմպն ավելացվեց, այսպես ասած, սկսեցին «բաց» խաղալ։
«Կարծում էի՝ կարող էինք հաղթել։ Վարպետության, հնարավորությունների իրացման հարց էր»,- հավելել է մարզիչը։
Պետրակովը շեշտել է՝ մեր բոլոր ֆուտբոլիստները շատ լավ, մեծ նվիրումով խաղացին։ Նրա կարծիքով` Վարազդատ Հարոյանը լավագույն խաղը ցուցադրեց այս ընտրական մրցաշարում։
Գլխավոր մարզիչը նշել է, որ չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել և խոսել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի արդյունքների մասին. դեռ Խորվաթիայի հետ հանդիպում է լինելու։
Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստան–Ուելս հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի 6-րդ րոպեին Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը, բայց Նաիր Տիկնիզյանի ինքնագոլի պատճառով հաշիվը հավասարվեց, հետո հայկական թիմի գրոհների տարափ սկսեց, բայց մեր ֆուտբոլիստները չկարողացան հաջողության հասնել։
Որակավորման փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 21-ին։ Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Խորվաթիայի հավաքականի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում