Հայաստանը պետք է վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ․ Կլաար

Հայաստանը պետք է վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ․ Կլաար

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման հարցին, ասել է Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ և ցանկացած երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։

«Ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Նկատի ունեմ, որ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է»,– ասել է Կլաարը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է` իրենք կիսում են նաև Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում։

Կլաարը նշել է, որ դեպի Թուրքիա և Իրան ճանապարհային և երկաթուղային կապերը (միշտ բաց է) նույնպես պետք է բաց լինեն։ Նա ասել է, որ իրենց պատկերացմամբ` խաղաղ Հարավային Կովկասը պետք է լինի այնպես, որ տրանսպորտային կապերը բաց լինեն, առևտուր իրականացվի, մարդիկ էլ ճանապարհորդեն տարբեր սահմաններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում