Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ՀՀ-ին խաղաղություն պարտադրել. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Հայաստանը չպետք է իր անվտանգությունը փնտրի հազարավոր կիլոմետրեր հեռու․ Էրդողան
Հայաստանն անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցությամբ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո ժողովրդին հղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա կարծիքով՝ արևմտյան որոշ տերություններ մինչև հիմա չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել:
«Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Նրանք, ովքեր շահել են Հայաստանին հրահրելով, իրականում հայերին ամենամեծ վնասն են պատճառել»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Մեկ այլ արցախցի մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ Ադրբեջանում
Ադրբեջանում արցախցի ևս մեկ քաղաքացի մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ։ Ռաշիդ Բեգլարյանը դեռ ամռանը մոլորվել էր Ախավնո գյուղի մոտ։ Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և ձերբակալվել։
Տարեց տղամարդուն մեղադրում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։
Շառլ Միշելը դեռ պատրաստ է կազմակերպել առաջնորդների հանդիպում. Տոյվո Կլաար
ԵՄ-ն ստիպված չէ որևէ կողմում լինել. մենք, և մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները։ Մեզ համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։
«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն և բավականին կարևոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։
Նախագահ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Կլաարը:
Հայաստանը պետք է վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ․ Կլաար
«Ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Նկատի ունեմ, որ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է»,– ասել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է` իրենք կիսում են նաև Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում։
Հայկական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել օգնության մասին փաստաթղթի նկատմամբ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ցավոք, ՀԱՊԿ երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո
Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը. այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է sputnik.by-ը:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։
«Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել է նա։
Երևանն ու Բրյուսելը ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է. «Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը»։
«Մի լսեք Ֆրանսիային, մի մտածեք վրեժխնդրության մասին». Ալիև
Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ նոյեմբերի 20-ին Բաքվում Իրաքի Հանրապետության Նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով, բայց այժմ մենք սպասում ենք ավելի քան երկու ամիս ՝ սեպտեմբերի 11-ից, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատասխան տա մեզ: Բայց Հայաստանի իշխանությունն ու քաղաքական իսթեբլիշմենթը մտածում են ռևանշի մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում