Անկախ նրանից, ԼՂ–ից բռնի տեղահանվածն ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, կստանա թոշակ
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ ԼՂ–ում աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայության մասին տվյալների բազան նախարարությունը կվերցնի, կտեղայնացնի, որից հետո ԼՂ–ից բռնի տեղահանվածներն կկարողանան ստանալ կենսաթոշակներն ու նպաստները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշել է որ ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար։
«Կատարելով օրենսդրական այս փոփոխությունները` ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ–ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից ու ստանալ կենսաթոշակ և նպաստ։ Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվում են կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը»,– հայտարարել է նախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե արդյոք կենսաթոշակ և նպաստ կստանան նաև այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացի չեն կամ չեն դառնա, Մկրտչյանը պատասխանեց, որ անկախ նրանից` նրանք կդիմեն ՀՀ քաղաքացիության, թե ոչ, կստանան կենսաթոշակ, քանի որ արդեն իսկ ունեն փախստականի կարգավիճակ։
«Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք, կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ»,– ընդգծել է նախարարը։
Մկրտչյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին կսկսեն վճարել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների կենսաթոշակները ու նպաստները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում