Հերոսներ ծնվում են․․․ Դանիել Բեկ-Փիրումյան, Լեոնիդ Ազգալդյան

Հերոսներ ծնվում են․․․ Դանիել Բեկ-Փիրումյան, Լեոնիդ Ազգալդյան

Նոյեմբերի 22-ը նշանակալից ամսաթիվ է հայ ժողովրդի համար։ 81 տարվա տարբերությամբ այս օրն են ծնվել հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը (1861թ․) և ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը (1942թ․)։

 

Դանիել Բեկ-Փիրումյան

Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ 1881 թվականից սկսել է նրա զինվորական գործունեությունը։

Հետաքրքիր է իմանալ․․․

  • Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թվականներ)։ Ռազմաճակատում աչքի է ընկել քաջությամբ, ստացել ռուսական բանակի գնդապետի կոչում, պարգևատրվել Գեորգիևյան շքանշաններով։
  • 1918 թվականի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին։ Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային մեծ փորձը։ Նրա շնորհիվ հերոսամարտում հաղթանակի սլաքը թեքվեց դեպի հայ ժողովուրդը։

Հայկական զորքերի հրամանատարական կազմը

  • 1919 թվականի վերջին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվել Կարսի բերդի պարետ։
  • Ավտովթարի պատճառով կոտրել էր ոտքը, որը խանգարում է Կարսի բերդի և Կարսի ճակատի ինքնապաշտպանության կազմակերպմանը։
  • 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերի կողմից Կարսի անառիկ բերդի գրավման ժամանակ գերի է ընկել։ 1921 թվականի հունվարին նրան տեղափոխել են Ալեքսանդրապոլ, ապա հանձնել ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին։
  • Բոլշևիկները, որոնց 1921 թվականին հանձնել էին Դանիել Բեկ-Փիրումյանին, գնդակահարել են ազգային հերոսին Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին:
  • Դանիել Բեկ-Փիրումյանի զինվորական համազգեստի աստառը կարմիր էր։ Մարտի դուրս գալուց առաջ նա շրջում էր համազգեստը և հագնում կարմիր կողմը դեպի դուրս։ Նրան անվանում էին «Կարմիր Վարդան»՝ զուգահեռ անցկացնելով Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի հետ։
  • Ըստ վարկածներից մեկի՝ այդպես էր անում զորքի մարտական ոգին չկոտրելու համար․ չէր ուզում, որ մարտի դաշտում վիրավորվելու դեպքում որևէ մեկը տեսներ իր արյունը։ Ըստ մյուս վարկածի՝ Փիրումյանը ցանկանում էր թաքցնել զինվորական ուսադիրներն ու տարբերանշանները, որ թշնամին չիմանա, թե ով է մարտի դաշտում

 

Լեոնիդ Ազգալդյան

Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում՝ Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։

Հայ ժողովրդի նշանավոր մտածողներից էր նա։ Թեև նա վստահ էր, որ հայրենիքը արյունով չեն պահում, այլ սիրելով, բայց իր սիրո դրսևորումը դարձավ պայքարելն ու զոհվելը հանուն հայրենիքի։

Ազգալդյանը արցախյան գոյամարտի ականավոր գործիչներից մեկն է։ Նա իր ամբողջ ներուժը ծառայեցրեց հանուն մեկ կառուցողական նպատակի՝ հայրենիքի ազատագրման պայքարին։ Ոչ ոք չէր սպասում, որ երբեմնի լռակյաց ու համեստ ուսանողը կընտրի կյանքի այդ ուղին ու իրեն կնվիրի հայրենիքի ազատագրման գործին։

Հետաքրքիր է իմանալ․․․

  • Ընտրել էր ֆիզիկոսի մասնագիտությունը։ Մանագիտական հմտությունները կարող էին նոր հորիզոններ բացել, սակայն նրա դավանած բացարձակ արժեքը Հայաստանն էր․ ամեն ինչ պետք է ծառայեր հայրենիքի շահին։
  • Լեոնիդ Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել էր Արցախի ազատամարտի հետ։ Մասնակցել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում մղվող մարտերին։
  • «Քիչ խոսքեր ու միայն գործ»․ այս կարգախոսով էր շարժվում և մյուսներից էլ նույնն էր պահանջում։
  • Արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ ու թափ հաղորդեց Արցախյան գոյամարտին։
  • Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ հակառակորդի դավադիր կրակից։
  • Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

 

Հերոսները ծնվում են, ունեցած ամենաթանկը՝ կյանքը զոհաբերում բարձրագույն արժեքին՝ հայրենիքին ու հեռանում՝ սերունդներին թողնելով իրենց ավանդն ու անունը։

Ո՛չ փառքի են սպասում, ո՛չ հիշատակման, քանի որ նրանց գործը հայրենիքին ծառայելն է, ամեն ինչ հայրենիքի շահին ծառայեցնելը․․․

 

ԱՌԼԻՆԱ Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում