ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից․ Պուտին

ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից․ Պուտին

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից, այդ Ուկրաինան է հրապարակավ հայտարարել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, ինչպես նաև ստորագրվել է պետության ղեկավարի դեկրետը, որն արգելում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Անշուշտ, պետք է մտածենք, թե ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը։ Որոշ գործընկերներ արդեն իրենց ելույթներում ասում էին, որ իրենց ցնցում է Ուկրաինայում Ռուսաստանի շարունակական ագրեսիան։ Այո, իհարկե, ռազմական գործողությունները միշտ ողբերգություն են։ Կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, և ընդհանրապես երկրի, և, անշուշտ, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում։

Նա ավելացրել է, որ համաշխարհային տնտեսության մեջ տուրբուլենտությունը հրահրել են ոչ թե Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, այլ Արևմուտքի գործողությունները տնտեսական ոլորտում։

«Տրիլիոնավոր դոլարների և եվրոյի ներդրումը տնտեսության, բանկային համակարգի մեջ, անշուշտ, հրահրել է գլոբալ գնաճի ալիք, սննդամթերքի և էներգակիրների գների սրընթաց աճ: Հենց դա է ընկած իրադարձությունների հիմքում, որոնց մասին ես ասել եմ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։

ՌԴ նախագահի խոսքով՝ առանցքային տոկոսադրույքների բարձրացման պատճառով ամենից շատ տուժել են ամենաաղքատ երկրները:

Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Արևմուտքը ՌԴ–ին անդադար հորդորում է բանակցել, որի պատրաստակամությունը Մոսկվան դրսևորում է, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի` երկխոսության գնալու մշտական մերժումները։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է խաղաղ հունի մեջ մտնել՝ հաշվի առնելով դե ֆակտո իրավիճակը և նոր իրողությունները, Մոսկվայի բոլոր պահանջները շատ լավ հայտնի են:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ հայտարարել է, որ եթե Ուկրաինայում բանակցային գործընթաց են ուզում, ապա թատերական ժեստեր պետք չեն, պետք է չեղարկել դեկրետը, որն արգելում է բանակցել Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել խաղաղ միջոցներով Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, սակայն ՌԴ անվտանգության երաշխիքների պահպանմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում