Արևմտյան «Բաստիոննե՞րը», թե՞ ՀԱՊԿ-ի օգնության փաստաթղթերը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի «Բաստիոններ»․ Զախարովա
Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։
Զախարովան, անդրադառնալով հարցին, միամիտ է անվանել ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշել է Զախարովան։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի կունենա հանդիպում
Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնել է արտգործնախարարությունը, ՀՀ կողմից հանդիպմանը ներկա կգնտվի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը։
Հերթական հանդիպման ընթացքում կքննարկվեն մի շարք օրակարգային հարցեր։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14,5 հազարը
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից առ այսօր զոհվել է առնվազն 14,532 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուսատաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի իշխանություններին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թվում կա շուրջ 6000 երեխա և շուրջ 4000 կին։
Առնվազն 7000 մարդ Գազայի հատվածում Իսրայելի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։ Ընդ որում՝ նրանց թվում շուրջ 4,7 հազարը կանայք են ու երեխաներ։ Հակամարտության սրումից ի վեր տուժել է առնվազն 35 հազար մարդ։
Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 205 բուժաշխատող, 64 լրագրող և տեղի քաղաքացիական պաշտպանության համակարգի 25 ներկայացուցիչ։
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և և կհանձնի ՀԱՊԿ նիստում ստորագրված որոշումները։ Դրանք պետք է հաստատվեն նաև ՀՀ-ի կողմից։ Այդ մասին հայտարարել է, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Օլեյնիկը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենում այսօր՝ Մինսկում, որին չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը։
Իրանական գիտելիքահենք ընկերությունները ստեղծել են ռեակտիվ ինքնաթիռ
Իրանական գիտելիքահենք ընկերությունների կողմից արտադրվել է «Յասին» կոչվող ռազմաուսումնական ռեակտիվ ինքնաթիռ, որի առաջին թռիչքը տեղի է ունեցել այսօր։ Այս մասին հայտնում է Իրանի հայերեն ռադիոժամը։
«Յասին» ինքնաթիռը ունի երեք արտաքին դիրք՝ ռումբեր տեղափոխելու և վառելիքի արտաքին բաք։ Այս կերպ «Յասին» ինքնաթիռը կկարողանա օգտագործել օպտիկական ուղղորդմամբ բոլոր տեսակի զենքեր, ջերմային և այլ զինատեսակներ, որոնք ռադարային և լազերային ուղղորդում չեն պահանջում։
Թուրք-ադրբեջանական զույգը հայերին զրկում է ևս մեկ բնական դաշնակցից
Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության առաջին ինդիկատորները մեր տարածաշրջանում են։ Դեպի Վաշինգտոն ուղղված փաշինյանական հայացքների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով պահը, անում են իրենց բնորոշ, կանխատեսելի քայլը՝ Հայաստանին զրկում են բնական դաշնակից Իրանից։
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ-ի ընդունած փաստաթղթերին միանալու հարցը
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց ՀՀ կողմից միանալու հարցը»,- նշել է Բադալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում