ՌԴ-ն հուսով է՝ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունը ափսոսում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել, ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Россия-1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում է եղել «այսպես կոչված հայկական գործոնը» և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակումը։ «Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու մեջ։ Այս ֆոնին Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը, իսկ ինքը՝ Փաշինյանը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ մտադիր չէ գնալ Մինսկ։
Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարները չէին ներկայացել։ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Նախկինում Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նորը չի նշանակել։ Միաժամանակ Երևանը հայտարարում է, որ չեն պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում