ՀՀ ԿԳՄՍՆ-ն և կինոգործիչների միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և կինոգործիչների միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

«Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են:

Համագործակցության հուշագիրը միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում