Արդյո՞ք ՀՀ-ն ՀԱՊԿ-ի դաշնակիցն է. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղար
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Իմ կարծիքով, այս իրավիճակից (ՀՀ-ի բացակայությունը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից-Խմբ.) կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- ասել է նա։
Թուրքիան Իսրայելի հիմնական առևտրային գործընկերն է
Իրանի գերագույն առաջնորդ Սայիդ Ալի Խամենեիի մամուլի ծառայությունը մանրամասն ինֆոգրաֆիկա է հրապարակել, թե որ մուսուլմանական երկրներն են ամենից շատ առևտուր անում Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Shia News-ը։
Ինֆոգրաֆիկայում երևում է նաև, թե ինչ են նրանք արտահանում դեպի Իսրայել։ Ըստ ինֆոգրաֆիկայի՝ Թուրքիան Իսրայելի հիմնական առևտրային գործընկերն է՝ այնտեղ 5,7 միլիարդ դոլարի ապրանք արտահանելով և Իսրայելին ապրանքների 5 առաջատար մատակարարներից մեկն է աշխարհում։
Հաջորդը Ադրբեջանն ու Ղազախստանն են, որոնք ամբողջ գազի և նավթի 60%-ն արտահանում են դեպի Իսրայել։ Հաջորդը Բահրեյնը, Եգիպտոսը, Հորդանանը և Էմիրություններն են:
Երևան-Բաքու ուղիղ բանակցություն սահմանին կամ թուրքական թակարդը
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սպասվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը:
Սա ոչ միայն հայտարարություն էր հանդիպման օրվա և տեղի, այլև ձևաչափի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպելու են առանց միջնորդի, շփումները լինելու են ուղիղ:
ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հետ համաձայնագիր է կնքել միասնական ՀՕՊ համակարգի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Փաստացի միասնական հակաօդային պաշտպանության համակարգը ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և Բելառուսին»։
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Բաքվում եռակողմ հանդիպում է ընթանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։
Եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։
Կնքվել է նոր համաձայնագիր Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև
Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա,
Այս մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները լավ մակարդակի վրա են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նասեր Քանանին:
«Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը զարգանում են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում: Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի ընդհանուր շահերի շրջանակում»,- ասել է խոսնակը:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, երկու կողմերն էլ ունեն կամք՝ այդ նպատակներին հասնելու համար:
Ի՞նչ է պետք իմանալ Իրանի տարածաշրջանային ռազմավարության մասին
Տարածաշրջանում Իրանի ռազմավարությունը վերլուծելիս պետք է հասկանալ՝ իրանական վերնախավը ձևավորվել է Իրանա-իրաքյան պատերազմով։ Իրանը տարիներ շարունակ ներգրավված է եղել մի շարք վստահված հակամարտությունների մեջ՝ լիբանանյան քաղաքացիական պատերազմ, անկայունություն Իրաքում, սիրիական քաղաքացիական պատերազմ, պատերազմ Եմենում, պաղեստինա-իսրայելական հակամարտություն: Համապատասխան կարծիքը հայտնել է ռուս իրանագետ, արևելագետ, RIAC-ի փորձագետ Նիկիտա Սմագինը։
Սմագինը շարունակում է. «Այնուամենայնիվ, Թեհրանը ոչ միայն ինքը չսկսեց ոչ մի մեծ պատերազմ, այլև այս տարիների ընթացքում ուղղակի հակամարտության մեջ չներքաշվեց կողմերից որևէ մեկի հետ։ Փաստն այն է, որ Իրանում բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են մարդիկ, ովքեր անցել են 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի միջով։ Կամ նրանք նոր էին սկսում իրենց քաղաքական կարիերան պատերազմի տարիներին (ինչպես նախագահ Իբրահիմ Ռաիսին), կամ նրանք արդեն հիերարխիայի ամենավերևում էին, ինչպես Ալի Խամենեին»:
Իրանը լիովին վերահսկում է տարածաշրջանը
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ամերիկացիները կեղծորեն վերագրում են կատարվող իրադարձություններն իրենց, քանի որ գիտակցում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին վերահսկում է տարածաշրջանը։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել սպառազինության ոլորտում, և այս բոլոր առաջխաղացումները ձեռք են բերվել պատժամիջոցների ժամանակաշրջանում: Այժմ, երբ ավելի շատ բաց տարածք կա, դա միանշանակ կբերի հետագա զարգացման»,- ասել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում