Հեղինակավոր Բուքերյան մրցանակը շնորհվել է Փոլ Լինչին «Մարգարեի երգը» վեպի համար

Հեղինակավոր Բուքերյան մրցանակը շնորհվել է Փոլ Լինչին «Մարգարեի երգը» վեպի համար

Իռլանդացի գրող Փոլ Լինչը վաստակել է 2023 թվականի Բուքերյան մրցանակը: Նա այդ պատվին է արժանացել «Մարգարեի երգը» վեպի համար:

Դա պատմություն է մի հորինված ընտանիքի մասին, որը հայտնվում է աղետի շեմին, երբ երկիրը ղեկավարող իռլանդական կառավարությունը սկսում է բռնապետական գործելակերպ կիրառել:

«Սա գրելու համար հեշտ գիրք չէր: Բանականությունս հուշում էր, որ կործանում եմ կարիերաս՝ գրելով այս վեպը, բայց պետք է գրեի: Նման հարցերում մենք ընտրություն չունենք։ Մեջբերեմ ապոկրիֆ ավետարանից [Նոր կտակարանում չընդգրկված ավետարաններ և գրություններ]. «Եթե օգտագործես այն, ինչ քո ներսում է, այն, ինչ քո ներսում է՝ կփրկի քեզ: Եթե չօգտագործես այն, ինչ, քո ներսում է, այն, ինչ քո ներսում է՝ կկործանի քեզ»: Իմ գրածը փրկել է ինձ»,- ասել է Լինչը։

Նա ասել է նաև, թե «Բուքերյան» մրցանակն Իռլանդիա տանելն իր համար մեծ պատիվ է: Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1968 թվականին և տրվում է անգլալեզու հեղինակներին: Առաջին անգամ այն շնորհվել է 1969-ին՝ բրիտանացի Փերսի Հովարդ Նյուբիին:

Տասնամյակների ընթացքում այն վաստակել են բրիտանացի, իռլանդացի, կանադացի, ամերիկացի, հարավաֆրիկացի և հնդիկ գրողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում