Քրեական հետապնդում է հարուցվել Տելեգրամում թմրանյութ վաճառող անձանց նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել Տելեգրամում թմրանյութ վաճառող անձանց նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ:

Ըստ ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով:

Քաղաքացիները տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով ընդհանուր շուրջ 60 մլն 744 հազար դրամ են վաստակել, որը փոխանցել են կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:

Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո, Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում