Գերմանիային պետք են մատակարարումներ ՌԴ-ից էներգակիրների գների իջեցման համար

Գերմանիային պետք են մատակարարումներ ՌԴ-ից էներգակիրների գների իջեցման համար

Գերմանիան պետք է ավելացնի արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, էներգակիրների մատակարարումները, որպեսզի հանրապետությունում նվազի էլեկտրաէներգիայի գները։ Նման կարծիք է հայտնել Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) կլիմայի պաշտպանության և էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքը եղել է «էներգիայի գների պայթյունավտանգ աճը, էներգատար արդյունաբերության արտադրության կտրուկ անկումը և Գերմանիայի տնտեսության անկումը»։ «X» սոցիալական ցանցի իր էջում Էռնստը նշում է, որ տնտեսական պատժամիջոցները «մեզ ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին», «որի տնտեսությունը աճում է»։ Այդ կապակցությամբ նա կոչ է անում երկրի իշխանություններին ավելացնել «էներգիայի, այդ թվում՝ Ռուսաստանից» մատակարարումները, ինչը կնվազեցնի էներգակիրների գները Գերմանիայում:

Պատգամավորի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներով «գերմանական կառավարությունը վտանգի տակ է դնում մեր բարգավաճումը»։ «Մեզ բանակցություններ են պետք, ոչ թե ավելի ու ավելի շատ զենք և նոր պատժամիջոցներ», – ընդգծել է Էռնստը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում