Լոնդոնում ստորագրվել է հայ-բրիտանական համագործակցության ծրագիրը

Լոնդոնում ստորագրվել է հայ-բրիտանական համագործակցության ծրագիրը

Այսօր Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Լոնդոն մեկնած հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։

Կողմերը պայմանավորվել են 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը,տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում