ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026թ․-ին կհասնի 100 միլիարդի
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության երկրների փոխադարձ առևտուրը մինչև 2026 թվականը կարող է հասնել 100 մլրդ դոլարի։ Նման կանխատեսում է անում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Համաձայն ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների կանխատեսումների՝ 2024-2025 թվականներին ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն համապատասխանաբար 2,5 և 2,7 տոկոս։
«Հանձնաժողովի գնահատմամբ՝ մինչև 2026 թվականը կանխատեսվում է փոխադարձ առևտրի արժեքային ծավալների ավելացում մինչև 100 մլրդ դոլար»,- ասվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ-ում մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա է նկատվում։
Մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետների կարծիքով՝ ներքին պահանջարկը դառնում է տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը:
Միևնույն ժամանակ նկատվում է արտաքին պահանջարկի դանդաղում. ԵԱՏՄ երկրները սկսել են ավելի ու ավելի շատ կողմնորոշվել դեպի միության շուկա։
«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է ակտիվորեն զարգանալ, այն դարձել է ավելի հավասարակշռված. եթե նախկինում բոլոր անդամ պետությունները, բացի Ռուսաստանից, բացասական սալդո էին գրանցել փոխադարձ առևտրի շրջանակներում, ապա 2023 թվականին Հայաստանի և Բելառուսի դեպքում դրական սալդո է ձևավորվել, իսկ մյուս երկրների դեպքում բացասական սալդոն զգալիորեն նվազել է»,- հավելել է ԵՏՀ-ն։
2022 թվականի արդյունքներով ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտուրը գերազանցել է 80 մլրդ դոլարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում